թարմացված է առ 04/05/2017թ.

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է վարկային բյուրոն:

Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է: Այն իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության (վարկային տեղեկատվության) հավաքագրում, մշակում, պահպանում, տրամադրում, ինչպես նաև դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:


Ինչու՞ են կարևոր վարկային բյուրոյի ծառայությունները:

Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում

  • ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար,
  • տեղյակ լինել գործընկերների, պոտենցիալ հաճախորդների ռիսկայնության աստիճանին` նրանց ֆինանսական պարտավորությունների կատարման կարգապահության նախկին փորձի վերաբերյալ ստացված տեղեկատվության շնորհիվ,
  • ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները և մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին:
Վարկային բյուրոյի ծառայությունները թույլ են տալիս վարկատուներին (բանկեր, վարկային կազմակերպություններ), ինչպես նաև տարաժամկետ վճարման սկզբունքով (՛՛ապառիկ՛՛) ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին կանխելու վարկառուների/հաճախորդների կողմից ավելորդ պարտավորությունների ստանձնումը, կրճատելու անհուսալի պարտավորությունները և աջակցելու պարտավորությունների ժամանակին կատարմանը:


Ի՞նչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:

Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ (վարկային պատմություն), որոնք օգնում են վարկատու կազմակերպություններին, ինչպես նաև տարաժամկետ վճարման սկզբունքով (՛՛ապառիկ՛՛) ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին արագ և առավելագույն հիմնավորված գնահատել գործընկերոջ և հաճախորդի/վարկառուի վարկարժանության/վճարունակության աստիճանը:


Տեղեկություններ, որոնք չեն նշվում վարկային զեկույցում:

Վարկային զեկույցում չեն նշվում անձի եկամուտը՝ բացառությամբ անձի միջին ամսական եկամուտի, առձեռն կատարած գործարքները, նրա քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, uոցիալական վիճակին, նախնիներին, ռասայական, էթնիկ ծագմանը, մշակութային, կրոնական, փիլիսոփայական հայացքներին, ինչպես նաև առողջությանը վերաբերող տվյալներ:
Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝

  • տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի (Աղբյուրի) անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում ԱՔՌԱ-ի տվյալների բազայում.
  • անձի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:


Ի՞նչ է անհրաժեշտ վարկառուի վարկային զեկույցը ստանալու համար:

Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կամ նրա լիազորված անձը կարող է հարցում կատարել և ստանալ իր վարկային զեկույցը,եթե՝

  • տվյալ անձը կամ նրա լիազորված անձը վարկային բյուրոյին ներկայացնի փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու հարցում կատարող անձին, իսկ նրա լիազորված անձի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում` նաև լիազորված անձին:

Այլ անձը վարկային տեղեկատվության սուբյեկտի (գործընկերոջ, հաճախորդի կամ վարկառուի) վարկային զեկույցը ստանալու համար պետք է

  • ունենա այդ տեղեկությունը ստանալու գործարար անհրաժեշտություն
  • վարկային բյուրոյի հետ կնքի ծառայությունների մատուցման պայմանագիր
  • ստանա վարկային տեղեկատվության սուբյեկտի գրավոր համաձայնությունը:


Ի՞նչ է վարկային պատմությունը և ինչ նպատակով է այն հարկավոր:

Վարկային պատմությունը դա վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ՛՛ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ՛՛ (''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենք, հ.11): Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով (՛՛ապառիկ՛՛) ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:


Ո՞րտեղից և ի՞նչպես կարող եմ տեղեկանալ իմ վարկային պատմության մասին (վարկային պատմության մասին տեղեկատվության ստացման եղանակներ):

Վարկառուն կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով ՛՛Առցանց ինքնահարցում՛՛ ծառայությունից:


Բացի ինձանից ո՞վ կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Համաձայն ''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում հետևյալ սուբյեկտները.

  • Ձեր մասով ունեն դրամական պահանջներ՝ օրինակ, տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորությունների տեսքով, կամ
  • հանդիսանում է Ձեր գործատուն:


Ի՞նչպես կարող եմ բարելավել իմ վարկային պատմությունը:

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային (դրամական) պարտավորությունները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:


Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ իմ վարկային վատ պատմությունը հետագայում վարկ վերցնելիս:

Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:


Ի՞նչպես կարող եմ ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից:

Գործնականում «վատ վարկային պատմությունից» ազատվելը նշանակում է ներկա պահին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից պատրաստվող վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր: Խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունը չի արտացոլվում վարկային զեկույցում հետևյալ դեպքերում.

  • եթե խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացվել վարկատուի կողմից հինգ տարուց ավել ժամանակահատվածում՝ սկսած ներկա պահից; կամ
  • եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված; կամ


Ի՞նչքան ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը:

Համաձայն''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի ՛՛վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն՛՛:


Ու՞ր դիմել եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն ''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում: Ընդ որում, վարկառուն էլեկտրոնային եղանակով տեղեկացում կարող է ուղարկել, եթե վերջինս ֆիզիկական անձ է և վիճարկվող վարկային պատմությունը (զեկույցը) ստացել է առցանց եղանակով:


Որո՞նք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները:

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ-ի անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազայից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք ԱՔՌԱ-ին են տրամադրում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):


Ովքե՞ր կարող են անդամակցել վարկային բյուրոյին:

Վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ, մատուցում են հեռահաղորդակցության, կոմունալ ծառայություններ, ինչպես նաև պետական մարմինները, որոնք վարկային բյուրոյին տրամադրում են տվյալներ իրենց կողմից ստեղծված կամ կառավարվող տվյալների բազայից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:


Ինչպե՞ս անդամակցել Վարկային Բյուրոյին:

Վարկային բյուրոյի և տվյալ կազմակերպության միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիման վրա շարունակական հիմունքներով տրամադրվում է համապատասխան տեղեկատվությունը (տվյալները):


Որքանո՞վ է համակարգը տեխնիկապես անվտանգ անիրավասու մուտքերից:

Նման դեպքերը կանխելու համար մշակված է տվյալների բազայի պահպանման բազմաստիճան կոդավորված համակարգ, որը հիմնված է հատուկ սարքավորումների /firewall hardware/ վրա:
Առցանց(online) մուտքը կատարվում է HTTPS ապահով կոդավորված կապի միջոցով:
Համակարգում գրանցվում են կատարվող բոլոր գործողությունները, կիրառվում է համակարգի անընդմեջ մոնիթորինգ` կասկածելի և չարտոնված գործողությունները կանխելու համար: Համակարգի մուտք ունեն միայն սահմանափակ թվով իրավասու անձինք:


Հնարավո՞ր է արդյոք ոչ իրավասու կազմակերպության, գերատեսչության կամ այլ սուբյեկտի չարտոնված մուտքը վարկային բյուրոյի տվյալների բազա:

Ո'չ: Նման դեպքերը կանխելու համար մշակված է տվյալների բազայի պահպանման բազմաստիճան կոդավորված համակարգ, որը հիմնված է հատուկ սարքավորումների /firewall hardware/ վրա:
Համակարգի մուտք ունենալու են միայն սահմանափակ թվով իրավասու անձինք: Առցանց մուտքը հնարավոր է միայն 128 բիթ կոդավորված ալիքով:
Համակարգը ունի ցանկացած գործողություն գրանցելու կարողություն, բացի այդ, կիրառվում է նաև համակարգի անընդմեջ մոնիթորինգ՝ կասկածելի և չարտոնված գործողությունները կանխելու համար:


Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվելու տեղեկության հավաքագրումը անդամ կազմակերպություններից:

Անդամ կազմակերպություններից տվյալների հավաքագրման գործընթացը իրականացվում է ավտոմատացված ճանապարհով` ներքին համակարգչային ցանցի, ինտերնետի միջոցով:


Ինչպե՞ս բարելավել վարկային ռիսկի թվային գնահատականը:

Վարկային ռիսկի թվային գնահատականը բարելավելու համար վարկառուն, մասնավորապես, կարող է.

  1. նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին,
  2. նվազեցնել առկա վարկերի մնացորդները,
  3. նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, ժամկետանց օրերը,
  4. նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
  5. ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը: