թարմացված է առ 24/10/2017թ.

Ընկերության ընդհանուր նկարագիր

    Վարկային բյուրոն բաժնետիրական ընկերություն է, որն իրավունք ունի Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին ՀՀ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնելու վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:  Այսօր զարգացած ֆինանսական դաշտ ունեցող բոլոր երկրներում  վարկային բյուրոն համարվում է ֆինանսական գործառույթների շղթայի անբաժան մասը:

   ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգը փակ բաժնետիրական ընկերություն է, որը, լինելով Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն, հիմնադրվել է 2004 թվականի հունվարին և համագործակցում է ՀՀ-ում գործող բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Երկրում վարկային բյուրոյի գործունեությունը նվազեցնում է վարկառուի ռիսկի գնահատման ժամանակն ու ծախսերը, օժանդակում է ֆինանսական դաշտի վարկային ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխմանը և խթանում է վարկավորման ծավալները:

    ԱՔՌԱ վարկային բյուրոյի հետ համագործակցության շնորհիվ ֆինանսական և առևտրային հաստատությունները հնարավորություն են ստանում՝

  • առավել տեղեկացված լինել իրենց հաճախորդների ռիսկայնությանը` ունենալով տեղեկություն նրանց ֆինանսական պարտավորությունների կատարման կարգապահության և ներկա վարկային պարտավորությունների մասին,
  • տեղեկացված լինել ֆինանսական պարտավորությունների նկատմամբ անպարտաճանաչ հաճախորդների մասին,
  • վայրկյանների ընթացքում ստանալ պոտենցիալ հաճախորդների վարկային պատմությունն արտացոլող զեկույց,
  • վարկային բյուրոյի միջոցով յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում կերտել իր սեփական վարկային պատմությունը և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այսպիսով, ցանկացած սուբյեկտ սկսում է առավել կարգապահ լինել ֆինանսական և առևտրային հաստատության նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում: Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է «Լավ վարկային պատմություն» ստեղծելու գիտակցությունը` որպես ֆինանսական պարտավորությունների կատարման լրացուցիչ խթան:

    Իր գործունեության ընթացքում ԱՔՌԱ վարկային բյուրոն մշակել է բազմատեսակ ծառայություններ, որոնք կարող են օգնել հաճախորդին ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները և մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին: