թարմացված է առ 10/04/2024թ.

ՖԱՅԿՈ սքոր

ՖԱՅԿՈ Սքորի դերն ու նշանակությունը․ Գլոբալ հեռանկար

ՖԱՅԿՈ Սքորը (FICO® Score) «Ֆեյր Այզաք Սերվիսիզ Լիմիթիդ» (NYSE: FICO) ընկերության կողմից մշակված սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով վարկառուի վարկային պատմությունը՝ տրամադրում է վարկային ռիսկի  թվային գնահատականը։ Այն կիրառվում է ամբողջ աշխարհում վարկատուների կողմից՝ որպես վարկունակության և ֆինանսական ռիսկերի գնահատման բանալի։ Ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում Ձեր ՖԱՅԿՈ վարկանիշը, ինչպես է այն հաշվարկվում և ինչ ազդեցություն կարող է ունենալ Ձեր ֆինանսական հնարավորությունների վրա:

 

Ի՞նչ է ՖԱՅԿՈ վարկանիշը, և ինչու՞ է այն կարևոր:

Ձեր ՖԱՅԿՈ վարկանիշը 300-ից 850 միջակայքում գտնվող եռանիշ թիվ է, որը հանդիսանում է սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիքը: Այն արտացոլում է վարկային ռիսկը ժամանակի որոշակի կետում` հիմք ընդունելով Ձեր վարկային պատմությունը: Որքան բարձր է Ձեր վարկանիշը, այնքան ցածր է ռիսկը, ինչը կարող է հանգեցնել վարկերի և վարկային քարտերի ավելի բարենպաստ տոկոսադրույքների, սահմանաչափերի և պայմանների:

 

Ինչպե՞ս է հաշվարկվում Ֆայկո վարկանիշը։
ՖԱՅԿՈ վարկանիշի հաշվարկման հիմնական բնութագրիչներն են․

  1. Վճարումների (մարումների) պատմություն – 35%
  2. Վարկային բեռի մեծություն – 30%
  3. Վարկային պատմության երկարություն – 15%
  4. Օգտագործված փոխառությունների տեսակներ – 10%
  5. Նոր վարկային դիմում- 10%

 

Ի՞նչ է պարունակում ՖԱՅԿՈ Սքոր զեկույցը և ինչպե՞ս ստանալ այն։

ՖԱՅԿՈ Սքոր զեկույցը արտացոլում է վարկառուի վարկարժանության գնահատականը, համակարգում առկա նվազագույն, առավելագույն գնահատականներն ու վարկառուի գնահատականի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող 2 գործոնները: Գրաֆիկական լուծմամբ նշվում է նաև հաճախորդի վարկանիշի դասը․ ընդհանուր 5 դաս՝ վատ (300-579 միավոր), բավարար (580-669), լավ (670-739), շատ լավ (740-799) և բացառիկ (800-850)։ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ն ապահովում է հասանելիություն Ձեր ՖԱՅԿՈ վարկանիշին առցանց՝ self.acra.am անձնական օգտահաշվի միջոցով՝ թույլ տալով վերահսկել փոփոխությունները և հասկանալ Ձեր վարկային կարգավիճակը:

 

Տիպային օրինակ

Կարևոր է իմանալ.

  • Ինքնահարցումները չեն ազդում գնահատականի վրա
  • Ձեր տվյալները միշտ հասանելի են ԱՔՌԱ անձնական օգտահաշվի միջոցով
  • Սքորը օգնում է վարկատուներին արագ և հաստատուն որոշում կայացնել
  • Օգնում է վարկառուներին կատարել խելացի ընտրություն։

 

Ինչպե՞ս բարելավել վարկանիշը։

Դուք կարող եք բարելավել Ձեր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

Արդյունավետ ֆինանսական գործարքներ իրականացնելիս կարևոր է միշտ իրազեկված լինել վարկային պատմության և վարկանիշի փոփոխությունների մասին։ Ձեր վարկանիշը պարբերաբար թարմացվում է, քանի որ վարկային պատմության տեղեկատվությունը նույնպես շարունակաբար փոխվում է: ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ն պարտավորվում է տրամադրել հուսալի և ճշգրիտ տեղեկատվություն՝ օգնելով Ձեզ հասնել Ձեր ֆինանսական նպատակներին:

Կիրառվում է

ավելի քան 90 երկրներում