թարմացված է առ 28/02/2024թ.

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է վարկային բյուրոն:

Վարկային բյուրոն իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության (վարկային տեղեկատվության) հավաքագրում, մշակում, պահպանում, տրամադրում, ինչպես նաև դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:

Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում

  • ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար,
  • ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները և մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին:

Վարկային բյուրոյի ծառայությունները թույլ են տալիս վարկատուներին (բանկեր, վարկային կազմակերպություններ), ինչպես նաև տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին կանխելու վարկառուների/հաճախորդների կողմից ավելորդ պարտավորությունների ստանձնումը, կրճատելու անհուսալի պարտավորությունները և աջակցելու պարտավորությունների ժամանակին կատարմանը:

Ի՞նչ է վարկային պատմությունը:

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:

Ի՞նչ է վարկային զեկույցը:

Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:

Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:

Վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ: Մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Վարկային զեկույցը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

  • անձի նույնականացման տվյալներ,
  • վարկային պատմություն,
  • հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,
  • հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Վարկային զեկույցում չեն արտացոլվում տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, ինչպես նաև անձի եկամուտին՝ բացառությամբ միջին ամսական եկամտի:

Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝

  • տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում,
  • վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Որքա՞ն ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը:

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

Բացի ինձանից ո՞վ կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

 Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ Ձեր մասով դրամական պահանջներ՝ օրինակ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ Ձեր գործատուն` աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:

 Առանց Ձեր համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաև դատարանին` դատական որոշման հիման վրա:

Ինչպե՞ս կարող եմ բարելավել իմ վարկային պատմությունը:

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ վարկային «վատ պատմությունը» հետագայում վարկ վերցնելիս:

Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:

Որտեղի՞ց և ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից, ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում  և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Որո՞նք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները:

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ գործընկերները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):

Ովքե՞ր կարող են անդամակցել վարկային բյուրոյին:

Վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ, մատուցում են հեռահաղորդակցության, կոմունալ ծառայություններ, ինչպես նաև պետական մարմինները, որոնք վարկային բյուրոյին տրամադրում են տվյալներ իրենց կողմից ստեղծված կամ կառավարվող տվյալների բազայից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Ու՞ր դիմել , եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Ո՞ր պարագայում է վարկառուն հայտնվում «սև ցուցակում»:

Հասարակության մեջ սխալմամբ տարածված է «սև ցուցակ» հասկացությունը, որը, սակայն, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Բանկը կամ վարկային կազմակերպությունը վճարումների ուշացման պատճառով, կախված օրերի քանակից, կարող է վարկը դասակարգել որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, ինչն էլ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ նոր վարկ չստանալուն:

Ու՞նի արդյոք ԱՔՌԱ վարկային բյուրոն մասնակցություն հաճախորդի վարկի տրամադրման կամ մերժման հարցում:

Ո՛չ: Միայն վարկատուն է իրավասու որոշելու՝ տրամադրել վարկը հաճախորդին, թե մերժել՝ հաշվի առնելով իրենց ռիսկերի կառավարման քաղաքականությունը:

Կարո՞ղ եմ արդյոք լիազորել այլ անձի ստանալ իմ վարկային պատմությունը:

Այո, այս դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նոտարի կողմից վավերացված լիազորագիր և իր անձը հաստատող փաստաթղթեր: «Ինքնահարցումների կատարման կանոնակարգ»: